1 Samuel 29
1 Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։
2 Այլազգիների նախարարները հարյուրներով ու հազարներով առաջ էին շարժվում, Դավիթն ու իր մարդիկ էլ գնում էին Անքուսի հետևից։
3 Այլազգիների նախարարներն ասացին. «Ովքե՞ր են դրանք, որ անցնում են»։ Անքուսն իր նախարարներին ասաց. «Չէ՞ որ դա Իսրայելի Սավուղ արքայի ծառա Դավիթն է։ Ահա երկու տարի է, ինչ մեզ մոտ է, և մեր կողմն անցած օրից մինչև այսօր նրա մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել»։
4 Այլազգիների նախարարները, խոժոռ նայելով Դավթին, ասացին Անքուսին. «Հե՛տ դարձրու այդ մարդուն, թող գնա այնտեղ, ուր նշանակել ես նրան, մեզ հետ պատերազմի թող չգա, միգուցե նա դավաճանի մեր բանակին։ Նա ինչո՞վ պիտի հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։
5 Սա այն Դավիթը չէ՞, որի համար պար բռնելով երգում էին. “Սավուղը հազար կոտորեց, իսկ Դավիթը՝ բյուր”»։
6 Անքուսը կանչեց Դավթին ու ասաց նրան. «Կենդանի է Տերը. դու իմ աչքին շիտակ և բարի մարդ ես, հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ ու ելնելդ, քանի որ ինձ մոտ եկած օրիցդ մինչև այսօր քո մեջ չարություն չեմ նկատել։
7 Բայց դու իշխանների աչքին լավ չես երևում։ Արդ, դարձի՛ր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ իշխանների աչքին վատ է երևում»։
8 Դավիթն Անքուսին ասաց. «Ի՞նչ եմ արել քեզ. քեզ մոտ ապրելու օրից մինչև այսօր ծառայիդ մեջ ի՞նչ վատ բան ես նկատել, որ ես չգամ իմ տեր արքայի թշնամիների դեմ պատերազմելու»։
9 Անքուսը Դավթին պատասխան տվեց՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգա”։
10 Արդ, դու և քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, առավոտ կանուխ վե՛ր կացեք, գնացե՛ք այնտեղ, ուր ձեզ նշանակել եմ։ Ոչ մի վատ բան մի՛ մտածիր, քանի որ դու ինձ հաճելի մարդ ես։ Առավոտ կանուխ վե՛ր կացեք ու լուսածագին գնացե՛ք»։
11 Դավիթն ու նրա մարդիկ առավոտյան կանուխ վեր կացան, որ գնան, այլազգիների երկիրը պահպանեն, իսկ այլազգիները դուրս եկան՝ պատերազմելու Իսրայելի դեմ։